ՀայաստանՄշակույթ

«Գոյ» թատրոնը կշարունակի գոյություն ունենալ․ դատարանը որոշում է կայացրել

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։ Սրա մասին հայտնել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Նրա խոսքով՝ դատարանը որոշել է, որ միջնորդությունը բողոքարկման ենթակա չէ։ Արզումանյանը նշել է, որ դատարանի որոշմամբ հաստատվել է՝ «Գոյ» թատրոնի իրավաբանական ինքնությունը մնում է անփոփոխ, ինչը բացառում է այլ կազմակերպության կողմից դրա փոխարինման հնարավորությունը։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունը 2024 թվականին որոշում էր կայացրել «Գոյ» թատրոնը միավորել Սունդուկյանի անվան թատրոնի հետ՝ հիմնավորելով, թե 2022-ին «Գոյը» չի ապահովել ֆինանսական պլանի իրականացումը և չի համագործակցել նախարարության հետ։ Թատրոնի անձնակազմը այդ որոշմանը դեմ է հանդես եկել, իրականացրել է բողոքի ակցիաներ, այդ թվում՝ նստացույցեր։

Սարգիս Արզումանյանը հավելել է, որ իրավական գործընթացը դեռ ավարտված չէ, և առաջիկայում սպասվում է գործի բովանդակային քննություն։