
Հաստատվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության նախագիծը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։
Արձանը կկառուցվի Կոտայքի մարզի Ակունք համայնքում՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Շինարարությունը կշարունակվի 36 ամիս։
Նախատեսվում է Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրել Հատիս լեռան բարձունքին։ Համալիրը բաղկացած կլինի երեք հարթակից, որոնցից մեկն օգտագործվելու է սրճարանի և այլ ծառայությունների համար, երկրորդում ցուցասրահային հատված է լինելու, երրորդ հարթակից էլ հնարավորութուն է լինելու մտնել պատվանդանի ներս։ Հարթակներից վեր կխոյանա 44 մետր բարձրությամբ պատվանդան, որի վրա կտեղադրվի 33 մետր բարձրությամբ քանդակը։
Համալիրը կառուցվելու է հիմնադրամին պատկանող 56 հա ընդհանուր տարածքի վրա, որը ներառում է հողամասեր Ակունքում, Զովաշենում, Հատիսում և Կոտայքում։
Նախատեսվում է կառուցել նաև 1300 մետր երկարութամբ ճոպանուղի դեպի Հիսուս Քրիստոսի արձան և հակառակ ուղղությամբ։ Ճոպանուղին հնարավորություն է ունենալու տեղափոխել մինչև 12 մարդ։
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն մի շարք պայմաններով, այդ թվում՝ խստորեն պահպանել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի պահանջները։ Հատուկ ուշադրություն է դարձվելու «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի պահպանությանը. համալիրի կառուցման վայրն այդ հուշարձանի երկրատեղանքներից կլինի 5-125 մետր հեռավորության վրա։ Տարածքում նախատեսվում է տեղադրել ճանաչողական ցուցանակներ և հատուկ նշաններ՝ բնության հուշարձանի սահմանների հստակ ընդգծման համար։