ՀայաստանՌազմական

4 զինծառայողի կյանք խլած «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է

2024 թվականի ապրիլի 12-ին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարքության պատճառով վթարի է ենթարկվել և դարձել 4 զինծառայողների մահվան պատճառ։ Եվս 18 զինվոր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ ավտոմեքենայի տեխնիկական խնդիրները ներկայացվել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին։ Սակայն նրանք ոչինչ չեն արել։ Ավտոհավաքակայանում մեքենան չի ստուգել։ Թույլատրվել է երթևեկել անսարք ավտոմեքենայով։ Արդյունքում՝ այն հայտնվել է ձորում։

Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու համար (538-րդ հոդվածի 4-րդ մասով) քրեական հետապնդում է հարուցվել պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի երկու հրամանատարների և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է նաև պաշտոնական կեղծիքի համար նկատմամբ՝ (445-րդ հոդվածի 1-ին մասով):

Նախկինում հայտնի էր դարձել նաև դեպքի մանրամասները։ Զինծառայողը ավտոմեքենան կայանել է թեք վայրում, որպեսզի ներսում եղած անձնակազմը բարձրանա դիրքեր՝ փոխարինելով այնտեղից իջնողներին։ Մեքենայի տեխնիկական խնդիրների պատճառով շարժիչը չի գործարկվել։ Առանց դրա՝ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ձորում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն։