
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը, որը հայտնի է նաև որպես Զատիկ։ Այն խորհրդանշում է զատում մեղքից, հոգևոր վերածնունդ և վերադարձ առ Աստված։ Զատիկը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։
Ըստ ավանդության՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո Նրա մարմինը իջեցվել է խաչից և դրվել վիմափոր գերեզմանի մեջ։ Երեք օր անց՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ Քրիստոսի մարմինը անուշաբույր յուղերով օծելու։ Սակայն գերեզմանը դատարկ էր։ Երկու հրեշտակ նրանց հայտնեցին՝ «Այստեղ չէ, Հարություն առավ»։
Այս ավետիսը կանայք փոխանցեցին առաքյալներին։ Շուտով Քրիստոսը հայտնվեց նրանց։ Նրա Հարությունը դարձավ քրիստոնեական հավատի առանցքը։ Զատկի օրը հավատացյալները միմյանց ողջունում են ավանդական խոսքով՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», պատասխանը՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Զատկին ներկում են ձվեր, որոնք խորհրդանշում են հարություն և նոր կյանք։ Կարմիր ներկը խորհրդանիշն է Հիսուսի կենդանարար արյան։
Սուրբ Հարության տոնը շարունակվում է հիսուն օր՝ մինչև Հոգեգալստյան տոն։ Այս ժամանակահատվածը կոչվում է Հինանց շրջան։ Առաջին քառասուն օրը նվիրված է հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալուն, վերջին տասը՝ Նրա Համբարձման հիշատակին։ Համբարձումից տասն օր անց, համաձայն Քրիստոսի խոստման, Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա՝ զորացնելով նրանց Քրիստոսի վարդապետությունը քարոզելու համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մատուցվել է տոնական պատարագ, կատարվել է նաև Ոտնլվայի կարգ։ Գարեգին Բ Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկաներին։