
Դոնի Ռոստովում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 110-ամյակին
Ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում անցկացվել են հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թվականին սկսված Հայոց ցեղասպանության 110-ամյակին։ Միջոցառումները մեկ անգամ ևս ընդգծեցին ողբերգական անցյալի հիշողության պահպանման և պատմական արդարության վերականգնման կարևորությունը։

Օրվա ընթացքում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1915 թվականի սրբադասված նահատակների հիշատակին։ Ծեսը կատարեց քաղաքի հայկական եկեղեցու հոգևոր հովիվը՝ համայնքի անդամների և հրավիրված հյուրերի մասնակցությամբ։
Այնուհետև մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին «Ցեղասպանությանը՝ ոչ» հուշակոթողին, որը դարձել է ողբերգական իրադարձությունների հիշողության և դատապարտման խորհրդանիշ։
Միջոցառման մասնակիցները շեշտեցին, որ ցեղասպանության հիշողությունը ոչ միայն անցյալի հանդեպ ունեցած հարգանքի դրսևորում է, այլև ապագայի համար ուղերձ։
«Մենք այստեղ ենք՝ բարձրաձայն ասելու՝ Ցեղասպանությանը՝ ոչ։ Ոչ այսօր, ոչ երբեք ապագայում», – նշել է նախաձեռնողներից մեկը։
Երեկոյան Ռոստովի ակադեմիական երիտասարդական թատրոնում տեղի կունենա նաև բանաստեղծական ներկայացում «Հիշում ենք և պահանջում» խորագրով։
Միջոցառումները կազմակերպվել են «Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքի կողմից, որը պարբերաբար իրականացնում է նման ծրագրեր՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերին։
Դոնի Ռոստովը, լինելով Ռուսաստանի հայկական համայնքի խոշոր կենտրոններից մեկը, շարունակում է իր կարևոր դերը Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և սերունդներին փոխանցելու գործում՝ կոչ անելով աշխարհին՝ ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։