
«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը Էրիկ Կարապետյանը ճանաչվեց լավագույն երգիչ, Սոնա Ռուբեյնանը՝ լավագույն երգչուհի
Ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը մեկ հարկի տակ էր համախմբել տարբեր ժանրերում ստեղծագործող երաժիշտների, կատարողների, պրոֆեսիոնալների և արվեստասեր հանրությանը։ Միջոցառումը կազմակերպել էր Հայկական ազգային երաժշտական ակադեմիան՝ 17 անվանակարգում ներկայացնելով և պարգևատրելով տարվա ընթացքում աչքի ընկած արվեստագետների ու նախագծերի։
«Լավագույն երգիչ» ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ «Լավագույն երգչուհու» մրցանակը շնորհվեց Սոնա Ռուբենյանին։ Տարվա լավագույն երգի և տեսահոլովակի անվանակարգերում հաղթեց Արամ Mp3-ի «Երևի» ստեղծագործությունը։ «Լավագույն կոմպոզիտոր» ճանաչվեց Անդրանիկ Բերբերյանը։
Ավետիս Բերբերյանն արժանացավ երկու մրցանակի՝ «Լավագույն գործիքավորում» և «Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում» անվանակարգերում՝ «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտի համար։ «Լավագույն հեղինակ-կատարող» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում մրցանակակիր դարձավ Yellowheart-ը։ «Լավագույն խումբ-նախագիծ» ճանաչվեց LA Project-ը։
Տարվա լավագույն երաժշտական բեմադրության կոչումը շնորհվեց Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ին, որը ներկայացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ «Լավագույն ռոք արտիստ կամ խումբ» անվանակարգում հաղթեց «Նեմրա»-ն, իսկ հիփ-հոփ և R&B ուղղության լավագույնը ճանաչվեց D’LITTE-ը։ Ջազ ոլորտում հաղթող ճանաչվեց Yerevan Calling-ը։
«Լավագույն դասական նախագիծ» ճանաչվեց «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ն, իսկ «Լավագույն դասական երգիչ» մրցանակին արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը։ Քավր կատեգորիայում մրցանակ ստացավ Մարտին Ուլիխանյանը՝ «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի» երգի կատարումով։
Մրցանակաբաշխության հատուկ մրցանակը հանձնվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանին՝ երաժշտության բնագավառում ունեցած բացառիկ ավանդի համար։