ՀայաստանՄշակույթ

Վերջապես կառուցվում է Արամ Մանուկյանի տուն-թանգարանը

Նոր թանգարան՝ պետականության խորհրդանիշի վերարժևորման և սահմանային զբոսաշրջության խթանման նպատակով

ԴԱՎԻԹ ԲԵԿ, ՍՅՈՒՆԻՔ – Մեր խմբագրության տրամադրության տակ հայտնված բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի սահմանապահ Դավիթ Բեկ գյուղում մեկնարկել են ազգային-պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր այրերից Արամ Մանուկյանի տուն-թանգարանի կառուցման աշխատանքները։ Նախաձեռնությունն իրականացվում է Կապանի համայնքապետարանի հովանու ներքո և նպատակ ունի վերաիմաստավորել հայոց նորագույն պետականության խորհրդանիշի կերպարը՝ միաժամանակ խթանելով զբոսաշրջությունը մարզի կարևոր ռազմավարական հատվածում։

Թանգարանի գաղափարը ծագել է պատմական հիշողության պահպանման անհրաժեշտությունից։ Չնայած Արամ Մանուկյանի ծննդավայրի շուրջ պատմաբանների միջև առկա են տարաձայնություններ, Դավիթ Բեկ ը համարվում է ամենահավանական տարբերակը։ Այդ կարծիքը թևավորել է նաև նախկինում կատարված մի շարք նախաձեռնություններով. գյուղում գործում է Արամ Մանուկյանի անվան դպրոց, իսկ նրա կիսանդրին տեղադրվել է դեռ տարիներ առաջ։

Ըստ մեր աղբյուրների՝ թանգարանը կառուցվում է գյուղի կենտրոնում գտնվող պահպանված հին տներից մեկում։ Ընտրված շինությունն ունի պատմական տեսք, որը վերակառուցվում է՝ հնարավորինս պահպանելով ժամանակին բնորոշ տեղական ճարտարապետական լուծումները։ Ներկայում ընթանում են նաև թանգարանի ներքին հարդարման և կահավորման հետ կապված ուսումնասիրություններ։ Մասնագետները դժվարության են բախվում՝ գտնելու ժամանակաշրջանին համապատասխան իսկական կահույքի նմուշներ, որոնք, ըստ տեղեկությունների, չափազանց սակավ են։

Շինարարները հույս ունեն, որ անակնկալ խոչընդոտների բացակայության պարագայում տուն-թանգարանը ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Նախաձեռնության նշանակությունը կրկնապատկվում է համահայկական համատեքստում։ Այսօր ավերակ է Երևանում գտնվող Արամ Մանուկյանի 1917–1919 թթ. բնակեցրած բնակարանը, իսկ Շուշիում հիմնադրված նրա անվան կենտրոնը ոչնչացվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Այս պայմաններում Դավիթ Բեկում կառուցվող թանգարանը կարող է դառնալ ոչ միայն ազգային հիշողության պահապան, այլև շարունակականության ու դիմադրողականության խորհրդանիշ։

Թանգարանը նաև նախատեսվում է ծառայեցնել որպես մշակութային կենտրոն, որը կարող է զբոսաշրջային նոր շունչ հաղորդել սահմանապահ գյուղին։ Այն կարող է վերածվել հայկական պետականության պատմությանը նվիրված կանգառի՝ այցելուներին առաջարկելով ոչ միայն գիտելիք, այլև հոգևոր կապ պատմության հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով