ԱրցախՄշակույթ

Օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը ենթարկվել են վանդալիզմի

Ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը:

2025 թվականի ապրիլի 21-ին հրապարակված տեսանյութում արձանագրվել է շիրմաքարերի նոր պղծման դեպք։
Տեսագրությունում երևում է, որ մի շարք տապանաքարերի վրա վնասվել են ազատամարտիկների դիմանկարները. մասնավորապես փորագրվել և ջնջվել են նրանց աչքերն ու բերանները։ Բացի այդ, որոշ տապանաքարեր կոտրված են։

Հայկական մշակութային ժառանգության դեմ նման գործողությունները հակասում են մի շարք միջազգային փաստաթղթերի։ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավոր է կանխել և պատժել նման վանդալիզմի դրսևորումները, ներառյալ գերեզմանատների, հուշարձանների, եկեղեցիների և տեսարժան վայրերի նկատմամբ։

Նման գործողություններն արգելված են նաև Եվրոպական Խորհրդարանի 2024 թվականի մարտի 12-ին ընդունած բանաձևով, որտեղ դատապարտվում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։

Ի հավելումն, Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի համաձայն՝ նման գործողությունները կարող են համարվել պատերազմական հանցագործություն, իսկ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ կողմերը պարտավոր են պաշտպանել և հարգել միմյանց մշակութային արժեքները, անկախ տարածքային վերահսկողությունից։

Սեդա Մարտոյան