ՀայաստանՄշակույթ

Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է Երուսաղեմի հայ համայնքին Պարգի ելույթից հետո

Իսրայելի հանրային հեռարձակման «Kan 11» ալիքի հաղորդավարի արտահայտությունը «Եվրատեսիլ 2025»-ի ժամանակ հնչեցրած վիրավորական խոսքերը հայերի հասցեին վրդովմունք են առաջացրել Երուսաղեմի հայկական համայնքում։ Քննադատությունը բարձրացրել է SavetheArQ նախաձեռնող խումբը։ Այն ակտիվորեն պայքարում է Երուսաղեմում հայկական թաղամասի պահպանման համար։

Ելույթ ունենալով ուղիղ եթերում՝ հաղորդավարը, արձագանքելով Հայաստանի ներկայացուցիչ Պարգի կատարած «Survivor» երգին, ասել է․

Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (թարգամանաբար նշանակում է փրկված)՝ սա է մեր զգացողությունը այս երգը լսելուց հետո։

SavetheArQ-ն հայտարարությամբ հանդես գալով՝ շեշտել է, որ նման բնույթի արտահայտությունը ոչ միայն խորը վիրավորական է, այլև վտանգավոր։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հայկական թաղամասը, լինելով Հին քաղաքի չորս թաղամասերից մեկը, հանդիսանում է համակեցության և բազմազանության խորհրդանիշ։ Հետևաբար՝ նման արտահայտությունները խաթարում են այդ հավասարակշռությունը և հակասում պատմական փաստերին։

SavetheArQ-ն հորդորել է Իսրայելի հանրային հեռարձակողին հրապարակային հերքում ներկայացնել ու պաշտոնապես ներողություն խնդրել հայ համայնքից՝ պահանջելով հարգանք և պատասխանատվություն։

Նշենք, որ Պարգը դուրս է եկել Եվրատեսիլի եզրափակիչ փուլ։ Այն տեղի կունենա մայիսի 17-ին։