Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ՝ նկարիչի թանգարան
Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները, որոնք վերջին տարիներին պահվում էին ՀՀ կառավարության շենքի նիստերի դահլիճներից մեկում, կտեղափոխվեն Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան։ Թանգարանն այս պահին գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի կարգավիճակով։ Տեխնիկապես՝ սա հայկական արվեստում ամենաբարդ տեղափոխություններից մեկն է լինելու։ Որքան էլ որ պատի հատվածները հնարավոր է հեռացնել հատուկ տեխնոլոգիաներով, այսպիսի գործերի ապամոնտաժումն ու տեղափոխումը պահանջում են բացառիկ զգուշություն։
Այդ իսկ պատճառով՝ տեղափոխման աշխատանքները մեկնարկել են գարնանը։ Դրանք իրականացվում են մշակված սխեմատիկ նախագծի հիման վրա, որը նախատեսում է որմնանկարների տեղում ապամոնտաժում, մասնատում, տեղափոխում և վերականգնում նոր վայրում։
Որմնանկարների՝ Մինաս Ավետիսյան թանգարան տեղափոխումն ու վերականգնումը պայմանավորված է նշյալ գործերը հանրայնացնելու անհրաժեշտությամբ: Այն հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով՝ տեսնել որմնանկարները:
Հիշեցնենք, որ 1988 թվականի երկրաշարժից հետո նշված որմնանկարները տեղափոխվել էին Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանից՝ մշակութային արժեքները փրկելու նպատակով։ 2010 թվականի որոշմամբ դրանք տեղադրվել էին կառավարական շենքում և վերականգնվել մասնագետների կողմից։
