ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կդադարեցնի աշխատանքը 60 օրով

Հայկական ատոմային էլեկտրակայանը մայիսի 15-ի կեսգիշերից կդադարեցնի աշխատանքը 60 օրով՝ պլանային վերանորոգման նպատակով։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը։

Բացի ստանդարտ սպասարկումից, կայանում նախատեսված է մի քանի համակարգերի փոփոխություն։ Մասնավորապես՝ կփոխվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ կառավարման համակարգերը, գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգերը, ինչպես նաև՝ ցածր լարման վթարային անջատման համակարգը (6 և 0.4 կՎ):

Ատոմային էլեկտրակայանի 400 մեգավատ հզորությամբ էներգաբլոկի շահագործման ժամկետըվերազինման արդյունքում 2016 թվականից երկարաձգվել է մինչև 2036 թվականը՝ ևս երեք տարով երկարաձգման հնարավորությամբ։

ԱԷԿ-ն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ 2024-ին կայանի արտադրանքը կազմել է շուրջ 2.7 միլիարդ կՎտ/ժ։