ԱրցախՔաղաքականություն

Սամվել Շահրամանյանը անվավեր է ճանաչել Արցախի լուծարման մասին իր իսկ նախկին հրամանագիրը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի անվավեր է ճանաչել նախորդ՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որով նախատեսվում էր լուծարել Արցախի Հանրապետության և նրա կառուցվածքային միավորները։

Փաստաբան Ռոմեն Երիցյանը հրապարակել է այդ հրամանագրի տեքստը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 26-ի որոշումը կայացվել էր ռազմական գործողություններից հետո ստեղծված ծանր իրավիճակում՝ բնակչության ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման նպատակով։ Սակայն, ինչպես նշվում է նոր հրամանագրում, այն իրավական ուժ չունի։

Երիցյանը նշել է, որ Արցախի լուծարման մասին հրամանագիրը ոչ միայն երբեք ուժի մեջ չի մտել, այլև հակասել է Արցախի սահմանադրությանը և այլ իրավական ակտերին։ Նրա խոսքով՝ նախկին հրամանագրի բովանդակությունն անհիմն կերպով օգտագործվել է Հայաստանում որոշ անձանց դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու համար՝ պատճառաբանելով, թե Արցախի պետությունն ու նրա կառույցները լուծարվել են։

Նոր հրամանագրով այդ որոշումը համարվում է իրավական տեսանկյունից անվավեր։ Շահրամանյանը նաև պաշտոնապես տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին դրա մասին՝ հորդորելով դադարեցնել «Արցախի լուծարման» գաղափարի շահարկումը։

Երիցյանը շեշտել է, որ չնայած տարածքային կորուստներին, Արցախը քաղաքական կամ իրավական տեսանկյունից չի լուծարվել, և Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների ու ապագայի համար։