Նոր ատոմակայան Հայաստանում. ի՞նչ փուլում է մոդելի ընտրությունը և ե՞րբ կսկսվի շինարարությունը
Մեծամորի գործող ատոմակայանը, որն արդեն երկար տարիներ է՝ ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մի զգալի մասը, շահագործվելու է մինչև 2036 թվականը։
Սակայն 2024 թվականից կառավարությունը աշխատանքներ է կատարում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ։
Դրա շրջանակում ստեղծվել է նոր փակ բաժնետիրական ընկերություն, որը պետք է ապահովի կառավարության համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ՝ մոդելի ընտրության հարցում։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ այժմ ընթանում է փակ բաժնետիրական ընկերության կադրային համալրման գործընթացը, որը կավարտվի մոտ ժամանակներում, և ընտրված մասնագետները կզբաղվեն մոդելի ընտրության ուղղությամբ ինտենսիվ աշխատանքով։
Տարածքային կառավարման նախարարությունը ուսումնասիրել է տարբեր երկրների՝ ներառյալ Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից արված առաջարկներ։ Սակայն դեռ վերջնական որոշում չկա։ Ըստ նախարարի՝ Հայաստանը պատրաստ է դիտարկել նոր առաջարկներ ևս։
Մենք ընտրելու ենք այնպիսի մոդել, որը նախ տնտեսապես ձեռնտու լինի Հայաստանին և, երկրորդ՝ կարողանա աշխատել մեր գործող էներգահամակարգի պայմաններում,- նշել է Խուդաթյանը։
Ի դեպ, նախկինում քննարկվել էր ռուսական ВВЭР-1200 մոդելի կիրառումը, որը հաջողությամբ շահագործվում է նաև Բելառուսում։ Դիտարկվել էր նաև ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների՝ SMR-ների հնարավորությունը, որոնք համարվում են համեմատաբար արագ կառուցվող և ճկուն տարբերակ։
Թե որտեղ կկառուցվի նոր ատոմակայանը, այդ հարցով վերջնական քննարկումների փուլում են: Սակայն, Խուդաթյանի խոսքով՝ իրենց մոտեցումն այն է, որ պետք է լինի այն տեղում, որտեղ գործող ատոմակայանն է: Այնտեղ բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ կան, որոնք կօգտագործվեն նոր ատոմակայանի աշխատանքի պարագայում:
Նախարարությունը դեռ չի հրապարակել շինարարության մեկնարկի կոնկրետ ամսաթիվ։ Վստահեցվել է, որ մինչև 2025 թվականի վերջ կկայացվի մոդելի վերջնական ընտրությունը։ Դրանից հետո արդեն գործընկեր երկրների առաջարկների հիման վրա կորոշվի շինարարության տևողությունը։ Առայժմ առաջնահերթ խնդիրն է պահպանել գործող ատոմակայանի հիմնական բլոկների աշխատանքը՝ մինչև նոր կայանի կառուցումն ու շահագործման անցումը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ից ատոմակայանը 60 օրով ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը։