
Ադրբեջանը Ստեփանակերտում ոչնչացրել է Այվազովսկու հուշարձանը
Ադրբեջանը ոչնչացրել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը տեղադրված էր Ստեփանակերտում։ Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունն ընդգծում է, որ սա հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման ևս մեկ դրսևորում է։ Հուշարձանը ստեղծվել էր 2021 թվականին ռուսաստանցի քանդակագործ Սալավատ Շչերբակովի կողմից։ Այն բացվել էր ռուսական խաղաղապահ զորքերի մասնակցությամբ։
Մենք հետևողականորեն փաստում, արձանագրում և հանրայնացնում ենք մշակութային արժեքների ոչնչացման դեպքերը՝ վստահ լինելով, որ դրանք անպատասխան չեն մնալու։ Միջազգային հանրությունը պետք է դրանց արժանի գնահատական տա, — նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Այվազովսկու (Իվան Այվազյան) հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ կատարվածը խորը ափսոսանք և հակակրանք է հարուցում։
Այդ գործողությունները հակասում են հայ և ռուս ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, բարեկամության և գործընկերության ոգուն, – նշել է Շվիդկոյը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող Արցախի տարածքներում վերջին տարիներին արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացման դեպքեր։ Շատ եկեղեցիներ պղծվել, ավերվել կամ վերափոխվել են մզկիթների։ Միջազգային կազմակերպությունների արձագանքը այս գործընթացին դեռևս համարժեք չի եղել։