ՀայաստանՄշակույթ

Պատանի հանդիսատեսի թատրոնում գործադուլ է

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում լարված իրավիճակ է։ Աշխատակիցները բողոքում են տնօրենի փոփոխության դեմ։

Մայիսի 13-ին թատրոնի նախկին տնօրեն Էմին Մկրտչյանը հայտարարեց, որ իրեն հեռացրել են պաշտոնից։ Նույն օրը թատրոնի աշխատակազմը մամուլի ասուլիս հրավիրեց՝ հայտնելով, որ որոշումը համարում են անհիմն և անարդար։ Նրանք ընդգծեցին, որ Մկրտչյանը լավ ղեկավար է, ով գիտի թատրոնի խնդիրները լուծելու ուղիները, և աշխատակազմը հարգում ու գնահատում է նրան։

Աշխատակազմը պահանջում է թափանցիկ հանդիպում՝ իրենց, Էմին Մկրտչյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի միջև՝ բոլոր հանգամանքները պարզելու համար։ Նրանք նաև հայտարարել են գործադուլի մեկնարկի մասին՝ նշելով, որ գործունեություն չեն ծավալի թատրոնում մինչև խնդիրը չլուծվի ։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը։ Նա նշել է, որ նախատեսվում է իրականացնել համալիր առողջացման ծրագիր, որը ներառում է շենքային պայմանների բարելավում, տեխնիկական վերազինում և գեղարվեստական բովանդակության վերանայում։ Նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում և նոր բեմադրությունների իրականացում ։

Թատրոնի աշխատակազմը, սակայն, պահանջում է, որ իրենց ձայնը լսվի և որոշումները կայացվեն թափանցիկ կերպով՝ հաշվի առնելով ստեղծագործական կազմի կարծիքը։

Սեդա Մարտոյան