ՀայաստանՄշակույթ

Ջենիֆեր Լոպեսը ժամանեց Հայաստան. որքա՞ն գումար է ծախսել կառավարությունը համերգի համար

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում Հայաստանում վաղը՝ օգոստոսի 3-ին, ելույթ կունենա Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Այսօր՝ օգոստոսի 2-ին, հայտնի երգչուհին ժամանել է Հայաստան։

Համերգի տոմսերը արժեցել են 25 000-180 000 դրամ, լինելու են և՛ կանգնած հատված, և՛ «ֆան զոնա», և՛ նստած տեղեր։ Ֆան զոնայում` անմիջապես բեմի դիմաց լինելու համար երկրպագուները վճարել են 55 000 դրամ, կանգնած հատվածում և որոշ նստատեղերում` 35 000 դրամ, իսկ մնացած նստատեղերի համար տոմսերը արժեցել են 50 000 դրամ, 55 000 դրամ, 60 000 դրամ։ Բեմի աջ կողմում էլ ամենաթանկ տոմսերն են՝ 180 000 դրամ արժողությամբ։

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ 

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։

Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։

Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։

Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։

Երգչուհին համերգային շրջագայության շրջանակում այցելելու է նաև Իսպանիա, Ղազախստան, Լեհաստան, ԱՄԷ, Հունգարիա, Եգիպտոս և այլ երկրներ։