
Երևանի կենտրոնում օգոստոսի 22–24-ը անցկացվելու է «Գարեջրի օրեր» փառատոնը
Երևանի Զաքյան փողոցում արդեն 4-րդ անգամ կազմակերպվելու է «Գարեջրի օրեր» փառատոնը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը և միավորել գարեջրի սիրահարներին մեկ վայրում։ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի խոսքով՝ փառատոնը նույն տրամաբանությամբ է կազմակերպվում, ինչ նախկինում անցկացված «Արենի գինու փառատոնը» և «Երևանի գինու օրերը», որոնք դարձել են կայացած զբոսաշրջային պրոդուկտներ։
Եթե 4 տարի առաջ փառատոնին մասնակցում էր 14 ընկերություն, ապա այս տարի մասնակցությունը 25-ից ավելի է, ներկայացնելով Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք և այլ մարզերի տեղական արտադրողներին, միայն երկուսը ներմուծող ընկերություններ են։ «ԷվենտՏուրա»-ի փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանը տեղեկացրել է, որ միջոցառման տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ գարեջրի, սննդի, երաժշտության, խաղային և մրցութային հատվածներ, որտեղ այցելուները կարող են համտեսել գարեջրի և սննդի հետաքրքիր համադրություններ՝ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային խոհանոցից։
Խաղային հատվածում նախատեսվում են մրցույթներ և հիշարժան նվերներ, իսկ մթնոլորտը կամբողջացվի համերգային ծրագրով՝ սիրված և նորաստեղծ խմբերի ու անհատ կատարողների մասնակցությամբ։
Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, որը այս տարի արդեն պայմանագիր է կնքել 8 ընկերության հետ՝ փառատոնների աջակցման համար։ Կոմիտեի ներկայացուցիչ Դիանա Կարապետյանը նշել է, որ իրադարձային տուրիզմը կարևոր քայլ է Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացման ճանապարհին։
Նրա խոսքով՝ 2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263 592 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 10,9 տոկոսով ավել է, և հիմնական այցելուները եկել են Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և եվրոպական ու ասիական երկրներից։