Զանգերի կենտրոնը զբաղվել է օտարերկրացիներից գումար կորզելու գործունեությամբ
Երևանի Ոսկերիչների փողոցում գտվող գրասենյակային տարածքում գործող զանգերի կենտրոնը, թաքցնելով իրական գործունեության նպատակն ու եկամուտների չափը, ապօրինի կերպով օտարերկրացիներից խոշոր չափի գումարներ է կորզել։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Կենտրոնի անձինք ինտերնետային հեռախոսազանգեր էին հաստատում օտարերկյա քաղաքացիների հետ և, չարաշահելով նրանց վստահությունը, հափշտակում էին գումարներ: Ընդ որում, ենթադրյալ հանցավոր գործունեություն ծավալող անձինք տուժող քաղաքացիներին ներկայանում էին թե՛ որպես իրավաբանական ծառայություն մատուցող, թե՛ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ։
Զանգերի կենտրոնի թիրախում բացառապես օտարերկրացիներն են եղել։ Նրանցից շատերը նախկինում խարդախության զոհ են դարձել։ Այդ ամենից օգտվելով և թիրախավորված անձի մասին անհրաժեշտ տեղեկությունը ստանալուց հետո կենտրոնի աշխատակիցները զանգահարել են օտարերկրացիներին, ներկայացել որպես իրավապահ գերատեսչության աշխատակից ու որոշակի միջնորդավճար պահանջել՝ հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթացը կազմակերպելու համար։
Զանգերի կենտրոնը հիմնականում աշխատել է կեսգիշերից հետո՝ հաշվի առնելով տարբեր երկրների ժամային գրաֆիկները։
Ներկայումս ոստիկանությունը համագործակցում է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ՝ հանցավոր գործունեությունի տուժած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է։