ՀայաստանՄշակույթ

Հայտնի է, թե երբ կվերաբացվի Երևանի կրկեսը

Երևանում հոկտեմբերի 24-ին պաշտոնապես կբացվի նոր մշակութային և ժամանցային կենտրոնը՝ «Տաշիր Արենան»։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 25-ին, կենտրոնը իր դռները կբացի հանդիսատեսի առջև՝ ներկայացնելով առաջին թատերական-կրկեսային շոուն՝ ETERNIA պրեմիերան։

«Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք էր բերել նախկին կրկեսի շենքը վթարային վիճակում և որոշել այն քանդել ու զրոյից վերակառուցել՝ ներգրավելով միջազգային մասնագետների։ Նոր կառույցը համալրված է առաջադեմ տեխնոլոգիաներով և նախատեսված է բազմաֆունկցիոնալ օգտագործման համար՝ կրկեսային ներկայացումներից մինչև համերգներ, սպորտային միջոցառումներ և կոնֆերանսներ։

«Տաշիր Արենայի» գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանի խոսքով՝ նախագծի ընթացքը երկարաձգվել է համավարակի և Արցախյան իրադարձությունների պատճառով։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 55 մլն դոլար։

Շենքն ունի 8 հարկ և կարող է ընդունել մինչև 2000 հանդիսատես։ Նախատեսված է նաև VIP-պարտեր։ Առաջին խաղաշրջանի համար Երևան են ժամանել շուրջ 150 արտիստներ։ Բացման շոուն բաղկացած կլինի չորս նովելներից, որոնք խորհրդանշելու են տարերքները՝ հող, ջուր, կրակ և օդ։

Նշենք, որ 2011 թվականի սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները։ Նախատեսվում էր, որ շինարարությունը կավարտվիախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012 թվականի սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով:

«Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006 թվականին։ Դրա 76.5%-ը 2019 թվականին նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին, որի տնօրենը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը: