Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի Երից Մանկանց վանքը
Արցախի Մարտակերտի շրջանի Երից Մանկանց վանքը նույնպես հայտնվել է ադրբեջանցիների թիրախում։ Այն ենթարկվել է վանդալիզմի։ Այդ մասին իմանում ենք «Artsakh Monuments» ֆեյսբուքյան էջից։ Հրապարակումներում երևում է վնասված մասերի լուսանկարները։
Ըստ աղբյուրի՝ 17-րդ դարում կառուցված վանքից անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները և Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Նշվում է, որ գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը ջարդվել է և հայտնվել գետնին, իսկ աջակողմյա որմնախորշում տեղադրված քանդակը ընկած է երեսնիվայր։
Վանքը միջնադարյան հայկական եկեղեցաշինության կարևոր նմուշներից է։ Այն կառուցվել է 1691 թվականին՝ պատմական Ջրաբերդում, Մելիք-Իսրայելյան իշխանների կողմից: Երիցմանկանց վանքի բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները, որոնք ոչ հեռու անցյալում օգտագործվում էին, դեռ կանգուն են։ Բնակելի սենյակների տակ կան նկուղներ, որոնք եղել են պահեստներ, գուցե և թաքստոցներ։
