Լրանում է Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը
Հունվարի 22-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը։
Կոմպոզիտորը նշանակալի ավանդ ունի հայ դասական և ջազային երաժշտության մեջ։ Նա գրել է «Քեռի Բաղդասար», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» և այլ մյուզիքլներ, «Հերոսական բալլադը»՝ դաշնամուրի և նվագախմբի համար, Դաշնամուրային տրիոն, «Վեց պատկեր» դաշնամուրային սյուիտը և մի շարք այլ ստեղծագործություններ։ Նրա «Պոեմը» ներառվել է Պ. Չայկովսկու անվան երրորդ միջազգային մրցույթի ծրագրում՝ որպես պարտադիր ստեղծագործություն։
Բաբաջանյանը զարգացրել է նաև Սերգեյ Ռախմանինովի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական փորձը։
Կոմպոզիտորը մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին՝ լեյկեմիայի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։ Նրա ստեղծագործությունները դեռ շարունակում են ազդեցություն ունենալ հայ և միջազգային երաժշտական մշակույթի վրա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, քոլեջի դասախոսները և սաները, ինչպես նաև մի խումբ արվեստագետներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։
