ՀՀ կառավարությունը նոր կանոններ է սահմանել օրհներգի համար

ՀՀ-ում պետական և արարողակարգային միջոցառումների ժամանակ օրհներգը պարտադիր պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Կատարումը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային-երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։

Նախագիծը ներկայացնելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սահմանվում է միասնական կարգ, թե երբ, որտեղ և ինչ ձևաչափով պետք է հնչի օրհներգը, որպեսզի միասնական ստանդարտի կիրառումը ունենա միանշանակ ձևակերպում և միանշանակ գործածում։ Ոչ պետական միջոցառումների դեպքում թույլատրվելու է օգտագործել օրհներգի պաշտոնական ձայնագրությունները։

Որոշմամբ սահմանվում է նաև, որ օրհներգի կատարման ժամանակ ներկաները պետք է կանգնած լսեն այն՝ աջ ձեռքը կրծքին դրած։ Բացառություն կկիրառվի միայն այն դեպքերում, երբ անձը ֆիզիկական սահմանափակումների պատճառով չի կարող դա անել։

Մանկապարտեզներում, դպրոցներում և ուսումնական քոլեջներում օրհներգը պետք է հնչի յուրաքանչյուր ուսումնական շաբաթվա սկզբին՝ սաների կենդանի կատարմամբ։ Նախարարի խոսքով՝ օրհներգը պետք է դառնա երեխաների առաջին գիտելիքներից մեկը պետական խորհրդանիշների մասին և ձևավորի պետականության գիտակցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ պետական հիմնարկներում ևս հնարավոր լինի ձևավորել երգչախմբեր, որոնք կկատարեն օրհներգը։ Նա այն դիտարկել է որպես պետական համակարգի առօրյան հարստացնող տարր։ Նա նաև դժգոհություն է հայտնել հեռուստաալիքներով օրհներգի հին տեսահոլովակի շարունակական ցուցադրումից՝ ընդգծելով, որ այն պետք է թարմացվի։ Նախարարի փոխանցմամբ՝ նոր հոլովակի սցենարային առաջարկն արդեն պատրաստ է և շուտով կներդրվի։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 5-ին Ազգային ժողովը ընդունել էր «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով փոփոխվել է օրհներգի տեքստի քառատողերի հերթականությունը։