ՀայաստանՄշակույթ

Երևանի ամենահին կամուրջը վերականգնվում է

Երևանի ամենահին կամուրջը՝ Կարմիրը, վերականգնվում է։ Քաղաքապետարանից հայտնում են, որ վերականգնումը իրականություն կդառնա համայնք-մասնավոր գործակցությամբ։ Կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ բոլոր տարրերն ու պատմական շերտերը պահպանվեն։ Այդ նպատակով Արարատյան դաշտից բերվել է կարմիր անմշակ տուֆ, իսկ Իրանի հին մեթոդներով արտադրություն իրականացնող աղյուսաձուլարաններից մեկից՝ աղյուսներ։

Կարմիր կամուրջի շուրջ 80%-ը փլվել է։ Կամուրջն ունի 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կազմված է 2 մեծ և 1 փոքր թռիչքներից։ Վերջինը նախատեսված է եղել փոքր ջրանցքի անցման համար։

Կարմիր կամրջի տեղում նախկինում եղել է ավելի վաղ կառուցված կամուրջ, որը ավերվել է 1679 թվականին տեղի ունեցած Երևանի երկրաշարժի հետևանքով։ Ըստ պնդումների՝ այն կառուցվել է 12-րդ դարում։ Եղել է Երևանի հին կամուրջներից մեկը։ 1679 թվականին ավերված կամուրջը վերականգնվել է, որը, կառուցված լինելով կարմիր տուֆից, կոչվել է Կարմիր կամուրջ։

Տարբեր ժամանակներում կամուրջը վերակառուցվել և վերանորոգվել է։ Հայտնի է, որ 17-րդ դարում այն վերականգնել է քանաքեռցի հայ առևտրական Խոջա Փլավն իր միջոցներով և Պարսից շահի հանձնարարականով։ Այդ է պատճառը, որ երբեմն կամուրջն անվանում են Փիլավի կամուրջ։ Կամրջի վերանորոգումներ են եղել նաև 1830, 1850 թվականներին և դրանից հետո։

Կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր այլ բնակավայրերի հետ: