ՀայաստանՄշակույթ

Ծաղկի սրահի շենքում կառուցված Վանաձորի տիկնիկային թատրոնը հիմնանորոգվել է

Վանաձորի տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1992 թվականին՝ սովետական շրջանի ծաղկի սրահի շենքում։ Թատրոնը վերանորոգվել է և այսօր արդեն ունի թատրոնի տեսք։

Ըստ թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանի՝ շենքը տիպային թատրոնի շենք չի եղել և թատերական պահանջներին չի համապատասխանել։

1994 թվականին եղել է առաջին ներկայացումը, սակայն միայն վերջերս՝ հիմնանորոգումից հետո արդեն ունի թատրոնի տեսք։ 30 տարիների ընթացքում որոշակի բարելավումներ և շտկումներ եղել են։ Գլխավոր խնդիրներից մեկն էլ ջեռուցման բացակայությունն էր։ Շենքը այժմ հագեցած է ջեռուցման համակարգով։

Թատրոնը ստեղծագործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Վերջին տարիներին մասնակցում է ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին, որով հնարավորություն է ունեցել ստեղծելու նոր ներկայացումներ։ Թատրոնը նաև ներառված է աբոնեմենտային ծրագրում, որով աշխատում է հանրակրթական դպրոցների հետ։

Տնօրենի խոսքով՝ խաղացանկում կան ավելի քան 7 ներկայացումներ, որոնք ցուցադրում ենք տարբեր տարիքի երեխաների համար։

Թատրոնում երեկ տեղի ունեցավ «Չիպոլինոյի արկածները» պիեսի պրեմիերան՝ բեմադրված հատակային տիկնիկներով։

Դատելով շինարարության ընթացքում ձևավորված հետաքրքրությունից՝ թատրոնի տնօրենը վստահ է՝ այցելուների աճը էականորեն կավելանա։

Վանաձորի տիկնիկային թատրոնի տեսքը հիմա և նախկինում (լուսանկարը՝ թատրոնի ֆեյսբուքյան էջից)

Շուշան Ասրյան