
Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին
Համաձայն Caucasus Heritage Watch կազմակերպության կատարած հետազոտությունների՝ կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի եկեղեցին։ Այն կառուցվել է 19-րդ դարում։ Արբանյակային լուսանկարներից կարելի է նկատել, որ եկեղեցին ոչնչացվել է 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում։
Այսօր ավելի քան 500 հայկական պատմական վանքեր, եկեղեցիներ և գերեզմանոցներ Ադրբեջանի կողմից ջնջման սպառնալիքի տակ են։ Կենտրոնանալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վրա՝ մենք աշխատում ենք բացահայտել մշակութային ոչնչացումը և ժառանգության նկատմամբ ոտնձգությունները, — նշված է կայքում։
Եկեղեցու շրջակայքում գերեզմանատուն է եղել, որ ադրբեջանցիները ոչնչացրել են դեռևս 1989-1993 թվականներին։ Դրա հետ մեկտեղ վնասվել է նաև եկեղեցին, շրջակայքում գտնվող խաչքարերը և հայատառ հուշարձանները։
Տանձատափ գյուղը Հակարի գետի ստորին հոսանքում տեղակայված երբեմնի հայկական գյուղերից էր, վերջիններս էլ պատմական Կովսական գավառի մասն էին կազմում:
2021 թվականի դեկտեմբերի ժամանակավոր վճռով Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է «կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության վրա ազդող վանդալիզմի և պղծման գործողությունները»։ Բաքուն պետք է հետաքննի և պատասխանատվության ենթարկի բոլոր կողմերին, ովքեր վնաս են պատճառել կամ չեն կարողացել կանխել այն: