
Հայաստանի տաղավարը երկրորդ տեղն է զբաղեցրել Ճապոնիայում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ
Օսակայում ընթացող «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի փակմանն ընդառաջ անցկացվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հայաստանը մեծ հաջողություն է գրանցել։ Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի անկախ ժյուրին Հայաստանի ազգային տաղավարը ճանաչել է երկրորդ լավագույնը՝ C դասի տաղավարների «Ցուցադրություն և դիզայն» անվանակարգում։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ համաշխարհային ցուցահանդեսի մասնակից երկրների միջև։ Ժյուրին կես տարի շարունակ գնահատում է տաղավարները՝ հիմնվելով երկու հիմնական չափորոշչի վրա՝ «Խորագրի զարգացում» և «Ցուցադրություն և դիզայն»։
Հայաստանը համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով տաղավարով, որտեղ ներկայացված են մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը, նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական ներուժը։ Տաղավարն առանձնանում է նաև իր ժամանակակից դիզայնով և հայկական ինքնությունը պահպանող լուծումներով։Տաղավարի ստեղծման գործընթացը համակարգվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և մասնավոր գործընկերների համագործակցությամբ։ Նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի ներկայությունն «EXPO 2025»-ում նպատակ ունի ցուցադրել երկրի ստեղծարար և տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև խթանել միջազգային տնտեսական և մշակութային կապերի ամրապնդումը։
Հայկական տաղավարը ցուցահանդեսի մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր, գրավել է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Տարբեր երկրների պատվիրակություններ, զբոսաշրջիկներ և լրագրողներ նշել են տաղավարի բովանդակային հարստությունն ու դիզայնի յուրահատկությունը։ Ըստ կազմակերպիչների՝ միայն առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի տաղավարը այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ։
2025 թվականի համաշխարհային ցուցահանդեսը իրականացվել է ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում։ Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 150 երկիր: