
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է միջազգային փառատոնում
«1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում
Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է։ 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը անհետանում է։ Նա այդ օրերին մոտ էր զինվորական ծառայության ավարտին։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։
«1489» անվանումը Սողոմոնի մասունքներին տրված համարն է։
Շողակաթ Վարդանյանը խոսել է այս ֆիլմի մասին․
Ես այս ֆիլմը նկարահանել եմ բոլոր այն տղաների համար, ովքեր մահացել են…Ֆիլմի վրա աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում։
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել է երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների: Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ սա աննախադեպ ձեռքբերում է։