
Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին վերականգնվում է
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում սկսվել են 4–5-րդ դարերում կառուցված Ծիրանավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները։
Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ արդեն ավարտվել է եկեղեցու հիմքերի ամրակայումը, իսկ այժմ ընթանում է պատերի որոշ հատվածների վերաշարումը։ Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշում է, որ նախագիծն իրագործվում է 2023 թվականից՝ պահպանելով եկեղեցու պատմական տեսքն ու տարածքի տրամաբանությունը։ Մինչ այդ եղել էր նախագծի պատվերը և վերանայվել էր դեռևս 80-ական թվականներին իրականացված նախագիծը,որով նախատեսվում է մասնակի վերականգնել, ամրակայել, նորոգել բարեկարգել տարածքը։
Հետաքրքիր բացահայտումներ կան պեղումների ընթացքում։ Հուշարձանագետ Հրաչյա Թարխանյանի խոսքով՝ մի շարք ստորգետնյա շերտեր սկզբնական րջանում անծանոթ էին։
Ծխնիների վրա բարավորներով և բազայով ստեղծել են մուտքի դուռ։ Դռան ճիշտ հետևում գաղտնամուտքն է, որը ստորգետնյա անցումով տանում է դեպի Փարպիի ձոր։ Մենք գիտեինք, որ կա մուտք, բայց թե ուր է այն տանում, չգիտեինք։ Պատերը շարված են կոպտատաշ խոշորածավալ բազալտե քարերով, իսկ նույնատիպ մեծ խոշորածավալ սալերով ծածկն է արված։ Ըստ նախագծի՝ շեմից մոտ 40-50 սմ ծածկված է եղել հողի շերտով։ Երբ որ վերածվել է պաշտպանական կառույցի, զինվորները բուն ամրոցի վերևում են՝ հուշարձանի վերևում։ Եկեղեցում անցում կա դեպի վերև, որտեղից որ հնարավոր է եղել կազմակերպել զինվորների, սննդամթերքի հոսքը և սա մեծ նշանակություն է ունեցել ամրոցի համար։
Մասնագետների խոսքով՝ այն ժամանակ, երբ եկեղեցին ծառայել է նաև պաշտպանական նպատակների համար, այստեղ ապահովվել է զինվորների տեղաշարժի հնարավորությունը։ Վերականգնման աշխատանքները իրականացվում են այնպես, որ նույնիսկ հին քարերի փոխարինման դեպքում պահպանվի կառույցի վաղ միջնադարյան ճարտարապետական տեսքը։
Ծիրանավոր եկեղեցին համարվում է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական կառույցներից մեկը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագրի համար հատկացրել է շուրջ 300 միլիոն դրամ։
Տեղում աշխատանքներ է իրականացնում «Հարսնաձոր» ՍՊԸ-ն։ Դեռևս 2023 թվականին նշվում էր, որ նախատեսվում է մինչև 2025 թվականը ավարտել հուշարձանի վերականգնողական աշխատանքները: