
Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվել է Կիլիկիայի վերաբերյալ ցուցադրությունը
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, 4 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվել է «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն. կարողութեամբն Աստուծոյ» ցուցադրություն։ Այն ընդգրկում է 11-14-րդ դարերի Կիլիկիայի հայկական պետության կարևոր խորհրդանշաններն ու մշակույթը։
Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն կտան այցելուներին հետևելու Կիլիկիայի իշխանապետության կայացման և հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։
Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ:
AMNEWS-ի հետ զրույցում թանգարանից նշեցին, որ մշտական ցուցադրությունը ուղեկցվելու է Կիլիկիայի մասին պատմող վավերագրական տեսանյութերով և անիմացիաներով՝ ինֆորմացիան ավելի պատկերավոր և հիշելի դարձնելու համար։ Դրանք լրացնում են ցուցանմուշների ներկայացումը և օգնում են ավելի խորությամբ հասկանալու Կիլիկիայի պատմությունը: