ՀայաստանՄշակույթ

Սնուփ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ամփոփում է 2024 թվականին նախարարության կատարած աշխատանքները։ Ասուլիսի ընթացքում նախարարը խոսել է ռեպեր Սնուփ Դոգի համերգը հետաձգելու մասին։

Ռեփերի համերգը նախատեսված էր անցկացնել 2023 թվականի սեպտեմբերին, սակայն Արցախի վրա հարձակման ու բնակիչների գաղթի պատճառով այն հետաձգվեց։ Դրանից հետո համերգը պարբերաբար հետաձգվում էր։ Կրթության նախարարը 2023 դեկտեմբերին նշել էր, որ համերգը հունիս-հուլիս ամիսներին կարող է տեղի ունենալ, սակայն դրանից հետո օգոստոսի մասին խոսվեց։

Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ընթացքում նշեց, ամբողջ տարին բանակցել են, որ համերգը կայանա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ։ Պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը տեղի չի ունեցել, արդեն իսկ գրությամբ դիմել են կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե։

Սնուփ Դոգի համերգի համար պետբյուջեից հատկացվել էր շուրջ 6 միլիոն դոլար։ Բյուջեի հավելվածում համերգի նպատակն էր «նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը»։