
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Tik-Tok սոցիալական հարթակում տարածված մի տեսանյութից իմանում ենք, որ ադրբեջանցիները օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ավերել են Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Թեմային անդրադարձել է նաև Monumentwatch կայքը։
Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են: Աղբյուր-հուշակոթողի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները։ Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը:
Սա առաջին Հայրենական մեծ պատերազմկնն նվիրված առաջին հուշարձանը չէ, որ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից։ 2020 թվականի պատերազմից մինչև այսօր ոչնչացվել են նաև Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը, Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։