Ադրբեջանցիները ավիրել են Արցախի Թաղուտ գյուղը
2023 թվականի հունիսին արված արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները։ Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի 2019 թվականի արբանյակային լուսանկարներում երևացող բնակարանների շուրջ 25%-ը 2023-ին արդեն քանդվել է։ Այս մասին հայտնում են Monument Watch կայքից։
Թաղուտ գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը:
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են Սուրբ. Հովհաննես եկեղեցին (19-րդ դար), 17-19-րդ դարերի գերեզմանոցը, 17-րդ դարի աղբյուրը,18-րդ դարի իջևանատունը (18-րդ դար)։
Կարևոր է նաև նշել, որ նման օրինակները, ակնհայտորեն տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված մի շարք ավերածություններից։ Շատ դեպքերում Ադրբեջանը կիրառում է խոշոր տեխնիկա։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Արցախը ավերվում է երկու տարբերակով՝ ադրբեջանական իշխանությունների լայնածավալ աշխատանքների և ադրբեջանցիների թալանի արդյունքում։
Ադրբեջանական իշխանությունների կողմից թիրախավորված տարբերակով ոչնչացվել են և՛ բնակավայրեր՝ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, և՛ եկեղեցիներ Շուշիում, Բերձորում, Տանձատափում, և՛ գերեզմանոցներ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, և՛ այլ հուշարձաններ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Մեծ և փոքր Սյունիքներ հուշահամալիրը։