ԱրցախՔաղաքականություն

Եվրախորհրդարանը այսօր ընդունած բանաձևում կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին

Եվրախորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով հաստատված բանաձևում անդրադարձել է 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված 120․000 հայերին և Ադրբեջանի գործողությունները որակել որպես էթնիկ զտում։ Կառույցը Ադրբեջանին կոչ է արել թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարռնալ Արցախ, երաշխիքներ տալ նրանց իրավունքների պաշտպանության համար, հարգել նրանց հողի և սեփականության իրավունքները և այլն։

Բանաձևի կարևորագույն կետերից մեկը վերաբերում է Ադրբեջանում պահվող 23 հայ ռազմագերիներին։ Կոչ է արվել ազատ արձակել բոլորին։ Արձանագրվել է նաև զեկույցների արդյունքները, ըստ որոնց՝ 23 հայ ռազմագերիներ ներկայումս պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց համապատասխան իրավական ներկայացուցիչների։ Խախտումներ կան նաև Ադրբեջանում պահվող Արցախի 8 նախկին ղեկավարների նկատմամբ։ Նրանցից ոմանք արդեն դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սկսած գործողությունները բանաձևում համարվել են էթնիկ զտումներ, որոնք խախտել են մարդու միջազգային իրավունքի նորմերը։ Նման խախտումներ են նաև մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացումները Ադրբեջանի կողմից։ Բանաձևի առանձին կետում Ադրբեջանին կոչ է արվել պահպանել պատմամշակութային կոթողները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխան։

Սակայն բանաձևում կետեր կան ոչ միայն Ադրբեջան-Հայաստան և Ադրբեջան-Արցախ հարաբերություններին, այլև արձանագրված են կոնկրետ Ադրբեջանի ներսում տեղի ունեցող անօրինությունները։ Բանաձևը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել 300 քաղբանտարկյալներին, վերացնել մամուլի անազատությունը և այլն։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններին, որոնք ընթացել են սահմանափակ միջավայրում և պայմաններում։