ՀայաստանՔաղաքականություն

Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջան-Հայաստանի հարաբերությունների մասին բանաձև

Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը: Այն անդրադառնում է Ադրբեջանում առկա և միջազգային հարաբերություններում այդ պետության կողմից ստեղծված բոլոր հիմնական խնդիրներին:

Փաստաթղթում Եվրախորհրդարանը

1․ Կոչ է արել Ադրբեջանին ներգրավվել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները՝ նշելով, որ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջան-ԵՄ գործընկերության վրա։

2․ Վերահաստատել է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հայտնել իր աջակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։

3․ Ադրբեջանից պահանջել է զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում նշված է, որ ադրբեջանական բանակը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ պակաս, քան 170 կմ2։

4․ Ընդգծել է, որ Նախիջևանի հետ կապ հաստատելու խնդիրը Ադրբեջանը պետք է լուծի՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

5․ Վերահաստատել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

6․ Ողջունել է ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանին պաշտպանական ռազմական աջակցություն տրամադրելու գործողությունները և մյուս երկրներին կոչ արել դիտարկել նմանատիպ նախաձեռնությունները։

Առանձին կետերով անդրադարձ է արվել նաև Ադրբեջանական գազին։ Ըստ այդմ՝ ԵՄ երկրներին կոչ է արվել աստիճանաբար դադարել ապավինել ադրբեջանական գազին որպես այլընտրանք, քանի որ եվրոպական շուկաներում «ադրբեջանական գազ» անվան տակ վաճառվում է ռուսական գազը։