ՀայաստանՄշակույթ

Սնուպ Դոգի համերգի համար տրամադրված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե

Սնուպ Դոգի հայաստանյան համերգի համար տրամադրված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Սրա մասին խոսել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ դեռ սպասում են «Դոպինգ Սփեյս» ընկերության արձագանքին։

Անդրեասյանը հունվարի 8-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված համերգը չի կայանա։ Նա հավելել էր, որ ԿԳՄՍ-ն համերգի համար նախատեսված բոլոր գումարները պետական բյուջե վերադարձնելու համար դիմում է ներկայացրել կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։

Նախարարը վստահեցնում է, որ համերգի համար ամեն ինչ նախապատրաստված էր, պլանավորված էր, և այդ իմաստով համերգի չկայանալու հարցում որևէ մեկի դիտավորությունը չի եղել։

2024 թվականի սեպտեմբերի 13-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ռեփեր Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

ՄՊՀ-ն արձանագրել էր, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը ընտրողական մոտեցում են ցույց տվել, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է եղել մեկ տնտեսավարողի, այն էլ՝ առանց մրցույթի:

Համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։