ՄշակույթՍփյուռք

Թեհրանում շուտով կբացվի «Սուրբ Մարիամ» մետրոյի կայարանը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական հատվածում՝ Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս մայր տաճարի դիմաց, շուտով կբացվի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը։ Կայարանի ձևավորումն արդեն ավարտվել է, և այժմ իրականացվում են պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքներ։

Նոր կայարանը, որը պարսկերեն անվանվել է «Maryam-e Moghaddas» («Սուրբ Մարիամ»), առանձնանում է քրիստոնեական թեմայով ձևավորմամբ։ Պատերը զարդարված են յոթ պաննոներով, որոնք ներկայացնում են Մարիամ Աստվածածնի կենսագրության դրվագներ և քրիստոնեական խորհրդանիշներ։

Կայարանի նկարիչ-ձևավորող Տանյա Տարիգմեհրի խոսքով՝ մուտքային հատվածում տեղադրված է Ղուրանի «Մարիամ» սուրահից վեց հատված պատկերող պաննո։ Բացի այդ, Թեհրանի մետրոյի կայարաններին բնորոշ «Հանուն Աստծո» գրությունը այստեղ ներկայացված է չորս լեզվով՝ պարսկերեն, արաբերեն, անգլերեն և արամերեն։

Կայանի հատուկ դիրքը հեշտացնում է մուտքը հայկական մշակութային և կրոնական կենտրոններ, այդ թվում՝ Սուրբ Սարգիս եկեղեցի։ Սոցիալական ցանցերի օգտատերերը կայարանի անվանումը գնահատել են որպես Իրանում կրոնների հանդեպ հարգանքի խորհրդանիշ։

Նախապես կայարանը նախատեսվում էր կոչել «Shahid Nejatollahi»՝ ի հիշատակ հեղափոխության տարիներին զոհված դասախոսի, սակայն մետրոյի ղեկավարությունը որոշեց անվանումը փոխել՝ ի նշան քրիստոնյաների հանդեպ հարգանքի։

Թեհրանի իշխանությունները նախատեսում են կայարանի պաշտոնական բացումը կազմակերպել մոտ ժամանակներում, ինչից հետո այն կմիանա մայրաքաղաքի մետրոյի գործող գծերին և կսկսի սպասարկել ուղևորներին։

Հայ համայնքի բարերարներից մեկը հոգացել է Հիսուս Քրիստոսը գրկին Կույս Մարիամի արձանի կառուցման և տեղադրման ծախսերը, որը կբացվի կայարանի բացման հետ նույն օրը։