ՀայաստանՄշակույթ

Կասկադը նոր շունչ կստանա․ կառավարությունը հաստատեց համալիրի վերակառուցման խոշոր ծրագիրը

Երևանի խորհրդանշական վայրերից մեկը՝ Կասկադը, պատրաստվում է վերածնվել։ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը, որը խոստանում է ոչ միայն վերականգնել անավարտ մնացած շինությունը, այլև ձևավորել մշակույթի, արվեստի և ժամանցի նոր կենտրոն մայրաքաղաքում։

Ըստ ծրագրի՝ Կասկադի վերին հատվածում կկառուցվեն համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարանի նոր ցուցասրահներ, պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված հատվածներ։ Բարեկարգվելու և կանաչապատվելու է հարակից տարածքը, որտեղ կձևավորվի մշակութային հանգույց՝ միավորելով հինը և նոր ժամանակակից քաղաքային ճարտարապետությունը։

Ներդրումային առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է այս տարվա հունվարին։ Մրցույթում հաղթել է ամերիկյան ընկերության մասնակցությամբ ձևավորված կոնսորցիումը, որի առաջարկը կազմում է 20 միլիարդ 46 միլիոն դրամ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ Կասկադի վերակառուցվող հատվածում նախատեսվում է կառուցել շուրջ 36 հազար քմ տարածքով քաղաքային կոմպլեքս, որտեղ կլինի 1000 տեղանոց հանդիսությունների դահլիճ, թանգարանային և հասարակական տարածքներ։ Ավելին՝ հարակից հատվածում կկառուցվի 125–135 հազար քմ բիզնես համալիր։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 4-5 տարի հետո։

Կասկադի շինարարությունը կանգ էր առել դեռևս 1988 թվականին՝ երկրաշարժի և հետագայում Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Ամերիկահայ բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանի շնորհիվ Կասկադը վերածվեց ժամանակակից արվեստի կենտրոնի, սակայն վերին հատվածը մինչ օրս մնացել է անավարտ։ 2002 թվականի ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը (շուրջ 13 հեկտար) տրամադրվեց «Գաֆեսճեան» թանգարան-հիմնադրամին այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: