ԱրցախՄշակույթ

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի պատմամշակութային կոթողներն ու գյուղերը

Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։ Այս մասին կարդում ենք Monument watch կայքում, որը զբաղվում է Արցախի պատմամշակութային կոթողների մշտադիտարկմամբ։

Արբանյակային լուսանկարներում փոփոխությունը դեռ չի երևում։ Սակայն Տիկտոկի ադրբեջանական օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ամբողջապես փոփոխված փողոցը։

Սա ադրբեջանական կողմի միակ ավերածությունները չեն Արցախում։ Google Earth ծրագրի թարմացված տարբերակները դիտարկելիս կարող ենք նկատել, որ Արցախի մի շարք գյուղեր և եկեղեցիներ հիմնապես ավերվել են Ադրբեջանի կողմից (Քարին տակ գյուղ, Մոխրենես գյուղ, Կանաչ ժամ եկեղեցի, Սուրբ Աստվածածին և այլն)։ Մի շարք պատմամշակութային հուշարձաններ դարձել են վանդալիզմի զոհ։

Փոփոխությունների է ենթարկվել նաև Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտը։

2024 թվականի մարտին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր, որ քանդվում է Արցախի խորհրդարանի շենքը։ Հետագայում արբանյակային լուսանկարներից տեսնում ենք, որ ոչնչացվել են նաև «Արմենիա» հյուրանոցը, Ազատամարտիկների միության շենքը։ Խորհրդարանի տեղում Ադրբեջանը վարչական նոր շենք է կառուցում։

Վերջին տեսանյութերում երևում է նաև, որ ամբողջովին վերակառուցվել է Արցախի պետական համալսարանը։ Փոփոխություններ են արվել նաև համալսարանի հարակից բնակելի շենքերում։

Ադրբեջանի նման քաղաքականությունը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի կետեր և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հռոմի ստատուտի 8-րդ կետի համաձայն՝ մշակութային ժառանգության ոչնչացումը համարվում է պատերազմական հանցագործություն։