Կռվում էին էն մարդկանց երեխաները, ովքեր կռվել են 30 տարի առաջ
Մարիան Արցախի Ճարտար քաղաքից է։ Նա անցել է 3 պատերազմների միջով ու իր տպավորությունների հիման վրա գրել «Քեզ հետ, բայց առանց քեզ» գիրքը։ Մեզ հետ զրույցի ընթացքում նա խոսել է պատերազմի ու պատերազմից հետոյի մասին։
— 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան մենք արթնացանք պայթյունների ձայնից։ Արդեն կանխազգում էինք, որ սա 2016 թվականի պատերազմի նման չէ, որովհետև այն շատ ավելի մոտ էր թվում ու պատերազմի ձայնն էլ ավելի բարձր էր։ Հիշում եմ, թե ինչպես պատրաստվեցինք ու վազեցինք ապաստարան։
Եղբայրս մեզ հետ չեկավ։ Նա հավաքեց իրերն ու գնաց։ Հետո միայն իմացանք, որ նա կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Հայրս էլ մասնակցել էր արցախյան առաջին պատերազմին և այդ ժամանակ հաշմանդամություն էր ստացել։
Մենք 7 օր շարունակ պատրսպարվում էինք տարբեր նկուղներում՝ հույս ունենալով, որ այս պատերազմն էլ 2016 թվականի քառօրյա պատերազմի նման կարճ կտևի։ Փողոցներում մարդիկ սարսափահար այս ուն այն կողմ էին գնում։ Կարծես ճակատագրի հեգնանք լիներ․ ռազմաճակատ էին մեկնում, կռվում էին այն մարդկանց երեխաները, ովքեր որ կռվել էին 30 տարի առաջ։
Այնտեղ մնալը արդեն վտանգավոր էր դառնում ու մենք ստիպված եկանք Երևան, բայց մեզանից ինչ-որ բան թողեցինք այնտեղ՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կավարտվի ու նորից տուն կգնանք։ 44 օր շարունակ մենք պատերազմեցինք։ Պատերազմեցինք ինչպես սահմանին, այնպես էլ թիկունքում՝ ինքներս մեր դեմ։
Պատերազմի ավարտից հետո մենք առաջիններից էինք, որ հետ գնացինք Արցախ։ Սակայն այդ վերադարձը իմ հիշողություններում միշտ կմնա։ Շուշիի տակ՝ Ճարտար գնալու ճանապարհին դեռ մարդկային անթաղ դիեր էին ու պայթած զինտեխնիկա․․․
1 տարի Արցախում մնալուց հետո մենք մեկնեցինք արտերկիր։ Սակայն իմ կապը չկտրվեց Արցախի հետ։ Ես անընդհատ հետ էին գալիս, գնում մեր տուն։ Ու այդպես մի օր էլ մնացի շրջափակման մեջ։ Այդ մի դժոխքի միջով էլ անցանք։ Ես չեմ սիրում, որ ասում են՝ մենք հայրենիք կորցրինք։ Հայաստանն էլ է մեր հայրենիքը, ու Արցախը այդ հայրենիքի մի մասնիկն է։
Ես մի գիրք ունեմ գրված՝ «Քեզ հետ, բայց առանց քեզ»։ Սյուժեն սիրահար զույգի մասին է, որը անցնում է պատերազմների միջով։ Գիրքը հենց ապրելու ու արարելու մասին է։ 2020 թվականից հետո, կարծում եմ, մարդիկ սովորել են ապրել պահով ու գնահատել ամեն վայրկյանը։