Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է . բանաստեղծի պատգամները դեռ չեն հնացել Հայաստանի քաղաքական իրականությունում
Մեծ բանաստեղծի խոսքերը հնչում են նույնքան արդիական, որքան մեկ դար առաջ։ Նրա գրած յուրաքանչյուր տող այսօր հիշեցնում է՝ Հայաստանն ապրում է նույն իրավիճակի տարբեր ժամանակներում ։
«Ես ձեզ ասում եմ՝ կըգա ոգու սով…» — գրում էր Ավետիք Իսահակյանը դեռ այն տարիներին, երբ հայ հասարակությունը պայքարում էր ոչ միայն արտաքին վտանգների, այլև ներքին դատարկության դեմ։ Մեկ դար անց բանաստեղծի զգուշացումները կարծես ուղղված լինեն այսօրվա Հայաստանին․ երբ մարդը դարձել է կասկածող, հավատը՝ մասնատված, իսկ եկեղեցին՝ մասերի բաժանված։
Այսօր, երբ հասարակությունը քննարկում է ոչ թե ազգային միասնությունը, այլ՝ եկեղեցու պատկանելությունը, իշխանության ու հավատքի սահմանները, Իսահակյանի խոսքը հիշեցնում է, որ իրական աղետը ոչ թե հողի, այլ՝ հոգու կորստի մեջ է։
Իսահակյանը երբեք չի բաժանել Հայաստանը․ նա գրել է թե՛ Արարատի, թե՛ Արագածի մասին՝ տեսնելով դրանցում նույն հոգևոր ամբողջությունը։ Նրա համար երկուսն էլ հայրենիքի երկու թևերն էին, ոչ թե բաժանումը։ Այսօր պետական խորհրդանիշներից ջնջում են Արարատի պատկերը՝ Արարատի ծեր կատարը…., Արագածն էլ իր դերը ունի ՝
«Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան…»՝ կրճատվում է ռազմական բյուդջեն , Արագածը վահան է ՝ կպահի հողը։ Իսահակյանը հայրենիքը նկարագրել է որպես անսահման սիրո և ցավի տարածք՝
«Է՜յ, ջան – հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես… մենակ բալեքըդ արուն ծովի մեջ». երկիրը նորից հաշվում է զոհերի անունները՝ խաղաղության խոստումների ֆոնին։
Գրողի պատգամը պարզ է՝ ազգային գոյատևումը սկսվում է հոգևոր ամբողջությունից։ Երբ կորցնում ենք հավատը, մոռանում սիմվոլների իմաստը, և բաժանում ենք նույնիսկ եկեղեցին՝ կորցնում ենք նույն այն ոգին, որի բացակայությունից Իսահակյանը զգուշացնում էր։
Այսօր, Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը, նրա խոսքերը կարող են լինել ոչ թե հուշ, այլ՝ ուղերձ։
Որովհետև եթե նա տեսներ այսօրվա Հայաստանը, երևի կրկին նույնն ասեր․
«Կըգա ոգու սով, և դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ»։
