ԱշխարհՍփյուռք

Իրանում կապը կտրված է․ հայերի վիճակի վերաբերյալ տվյալներ չկան

Ուրբաթ օրվանից Իրանում բնակվող հայերի կարգավիճակի վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չկա։ Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա ընդգծել է, որ հիմնական խնդիրը կապի բացակայությունն է, ուստի այս փուլում տարհանման մասին խոսելու համար բավարար տվյալներ չկան։ Սինանյանը նշեց, որ Իրան աշխատանքային խումբ ուղարկելն անիմաստ է, քանի որ պարզ չէ՝ ուր և ինչ նպատակով պետք է այն ուղարկվի։ Իր խոսքով՝ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում։

Միևնույն ժամանակ, պաշտոնական մակարդակով չի հստակեցվում՝ արդյոք փորձ է արվել կապ հաստատել Իրանում ՀՀ դեսպանատան միջոցով։

Խոսելով սիրիահայերի վիճակից՝ հանձնակատարը նշել է, որ այնտեղ իրավիճակը քրոնիկական է, ուստի հորդորել է հայրենակիցներին տեղափոխվել Հայաստան։

Իրանում արդեն 15-րդ օրն է՝ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը։ Երրորդ օրն է, ինչ երկրում գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետը, նաև՝ հեռախոսային կապը։

Զանգվածային բողոքի ակցիաները մեկնարկել են դեկտեմբերի 28-ին՝ արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին, սակայն ստացել են հակակառավարական բնույթ։ Human Rights Activists News Agency կազմակերպության տվյալներով՝ հունվարի 10-ին բողոքի ցույցերը շարունակվել են Թեհրանում, Շիրազում և Զահեդանում։ Զոհերի թիվը հասել է 544-ի։

Մարինա Գրիգորյան