ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 12 միլիարդ դոլարը

Հայաստանի ներքին պետական պարտքը և արտաքին պետական պարտքը գրեթե հավասարվել են։ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ հունիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ներքին պետական պարտքը ացվելացել է շուրջ 300 միլիոն դոլարով՝ կազմելով 6 մլրդ 205 միլիոն դոլար։

Արտաքին պարտքը, չնայած հունիս-օգոստոս ամիսների ընթացքում աճել էր, բայց սեպտեմբերին այն օգոստոսի համեմատ նվազել է շուրջ 4 միլիոն դոլարով՝ կազմելով 6 միլիարդ 295 միլիոն դոլար։ Աճել է նաև Կենտրոնական բանկի պարտքը։ Հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում այն 508 միլիոն դոլարից աճել է՝ հասնելով 521,6 միլիոն դոլարի։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի պետական պարտքը 12 մլրդ 496 միլիոն դոլար է։

Հայաստանի պետական պարտքն աճում է հիմնականում ներքին պարտքի պատճառով։ Ո՞րն է ներքին պարտքը։ Տնտեսագիտության մեջ ներքին պարտքը հետևյալն է։ Տնտեսավարող սուբյեկտներին և բնակչությանը, որոնցից ներգրավվել են դրամական միջոցներ պետական ծրագրերի և պատվերների կատարման, շրջանառությունում արժեթղթերի և այլ նպատակների համար կոչվում է ներքին պարտք։ Պարզ ասած՝ սա իր երկրի քաղաքացիների, ֆիրմաների և հիմնարկների (այսինքն՝ իր երկրի արժեթղթերի տերերի) պարտքն է։

2020 թվականից Հայաստանի արտաքին և ներքին պարտքը աճում է։ 4 տարվա ընթացքում պետական պարտքը գրեթե 5 միլիարդ դոլարով ավելացել է։