ՀայաստանՏնտեսություն

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Շիրակի չոր նավահանգիստը» խիստ անհրաժեշտ է համարում խաղաղության հաստատման պարագայում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլի ասուլիսով ամփոփում է 2024 թվականին կատարած աշխատանքներն ու անդրադառնում 2025 թվականին կատարվելիք աշխատանքներին։ Նախարարը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման ու այդ պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագրի խիստ անհրաժեշտության մասին։

Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել, և եթե այն իրագրոծվի, ապա դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ։

Այս պարագայում լրացուցիչ ներդրումները կլինեն մոտավորապես 50 մլն դոլար, և տարբեր ընկերությունների հետ այդ քննարկումներն ընթանում են:

Պապոյանը, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նշեց, որ այն միայն գաղափարախոսության չէ, այն կոնկրետ ծրագիր է: Այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-Հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում, ինչպես նաև երկաթուղային ցանցի զարգացում:

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ կա տեխնիկատնտեսական հետազոտություն, թե կոնկրետ ինչ գործողություններ են պետք իրականացնել։ Նա կարծում է, որ ամեն ինչ իրագործելի է։ 

«Չոր նավահանգստի» մասին բազմիցս խոսվել է։ Դեռ 2019 թվականին կառավարությունը ցանկացել է Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ ստեղծել «Շիրակի չոր նավահանգիստը»։ Այն պետք է ստեղծվեր Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի մոտ, ունենալու էր չոր նավահանգստի գոտի և օդային գոտի։ Չոր նավահանգստի գոտին ներառելու էր մեծ պահեստ, որտեղ իրականացվելու էին համախմբված բեռնափոխադրումների ծառայություններ, տեղակայվելու էին նաև մաքսային բաժանմունքները, անձնակազմը և տերմինալի կառավարման թիմը: Իսկ օդային գոտում իրականացվելու էին օդային բեռնափոխադրումներ։ Այս նախաձեռնության մասին առաջինը 2021-ին հայտարարել էր Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, իսկ 2022-ին սկսել էին նախագծման աշխատանքները, և ահա 2022-ի տարեվերջին արդեն հանրային քննարկման ներկայացվեց նախագիծը։