ՀայաստանՏնտեսություն

Կառավարությունը երկարաձգում է խաղողի մթերումների վարկերի մարման ժամկետները

Այսօր՝ հունվարի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշվել է փոփոխություններ կատարել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Ըստ որոշման՝ խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրված վարկերի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների համաձայնությամբ կարող են երկարաձգվել մինչև 6 ամսով։ Այս փոփոխությունը չի տարածվի 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետների վրա։

Այս որոշումը կայացվել է, որպեսզի թեթևացվի խաղողի մթերումների համար վերցված վարկերի վճարման բեռը, քանի որ վերջին շրջանում ռուսական ռուբլու փոխարժեքի նվազման պատճառով տնտեսավարողները ֆինանսական վնասներ են կրում՝ արտարժույթով կնքված պայմանագրերով ստացված գումարները դրամով փոխանակելիս։ Բացի այդ՝ վարկերի սպասարկմանը խոչընդոտում են նաև Վերին Լարսի սահմանային անցակետում եղանակային պայմաններով պայմանավորված, ինչպես նաև փորձաքննության արդյունքները ստանալու պատճառով մատակարարման ժամկետների խախտումները։

Ծրագրի շրջանակներում խաղողի մթերման նպատակով 2022 թվականին մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։

Նախկինում նման օրենք է գործել նաև պտուղբանջարեղենի և կաթի մթերումների նպատակով վարկեր ներգրաված շահառուներին։