Փաշինյան. «ՀՀ Անկախության հռչակագիրը ավելի շատ կախվածության հռչակագիր է, ոչ թե անկախության»

ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը իրականում սահմանում է ոչ թե անկախություն, այլ կոնֆլիկտ և արտաքին կախվածություն։

Վարչապետը նշեց, որ առաջիկայում տեքստի վերլուծությամբ կներկայացնի իր փաստարկները։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրավաբանական աշխատանքն ավարտված է, սակայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերին ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցում։

Հիշեցնենք, որ 2025-ի մարտին Փաշինյանը հայտարարել էր նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացման մասին՝ նախատեսելով այն 2027 թվականին, ինչպես նաև քննարկել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվեի անցկացնելու հնարավորությունը։ Վարչապետը ընդգծել էր, որ նոր Սահմանադրությունում չպետք է հղում լինի հռչակագրին, և այս հարցը բացառապես ներքին քաղաքականության թեմա չէ, այլ կարող է ունենալ տարածաշրջանային ու միջազգային ազդեցություն։

Մարտի 18֊ին էլ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր հայտարարել, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր։