ՀայաստանՏնտեսություն

Ռուսաստանը պատրաստվում է լուծել հայ վարորդների միգրացիոն հարցերը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ վարորդների համար ստեղծված դժվարություններին՝ կապված միգրացիայի նոր օրենքների հետ։ Զախարովան հայտարարել է, որ հարցը շուտով կկարգավորվի՝ ընդգծելով, որ հստակ ժամկետներ դեռ հնարավոր չէ նշել:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Ռուսաստանում ուժի մեջ է մտել առանց վիզայի Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների՝ երկրում մնալու նոր կարգը։ Նրանք կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում առավելագույնը 90 օր՝ մեկ տարվա ընթացքում։ Նախկինում առանց վիզայի մուտք գործող քաղաքացիներն ունեին երկրի տարածքում մինչև 180 օր մնալու հնարավորություն։ Թույլատրելի ժամկետը գերազանցելու դեպքում սահմանվում են մուտքի արգելքներ. եթե գերազանցումը կազմում է 90-ից 180 օր՝ մուտքն արգելվում է 3 տարով, 180-ից 270 օրվա դեպքում՝ 5 տարով, իսկ եթե ժամկետը գերազանցում է 270 օրը՝ մուտքն արգելվում է 10 տարով։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը միգրացիայի հարցերով խորհրդակցության ժամանակ նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել միգրանտների ներգրավման արդյունավետ համակարգ․ «Կարևոր է, որ միգրանտը գտնվի մեր երկրում բացառապես իր աշխատանքային պայմանագրով սահմանված պայմաններով և ավարտելով իր աշխատանքը՝ անմիջապես լքի երկրի տարածքը»,- հայտարարել է Մեդվեդևը։

Չնայած դրան՝ Ազգային Ժողովի նիստում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ ռուսական գերատեսչությունները պատրաստակամ են այս հարցը լուծելու համար: Նախարարի խոսքով՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը արդեն ուղարկված է Ռուսաստանի լիազոր մարմիններին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով