
Առևտրականները Հայաստանի կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում. շրջհարկը կրկնակի բարձրացել է
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում միկրոձեռնարկատերերի մեծ մասը, փոքր և միջին մի շարք բիզնեսներ կսկսեն աշխատել հարկային նոր պայմաններով, որը, ըստ առևտրականների, իրենց հարկային բեռը ավելացրել է ու լուրջ խնդիրների առաջ կանգնեցրել։
Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել։ Օրինակ, շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի բարձրացվել է, և կրճատվել է ԱԱՀ-ի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբերությունը։ Փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։
Շրջանառության հարկի շեմը տարեկան մինչև 120 մլն դրամն էր, իսկ միկրոբիզնեսի դեպքում` տարեկան մինչև 24 մլն դրամ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհհանիսյանը նախորդ տարվա նոյեմբերին նշել էր, որ այս ամենը վերաբերում է ինչպես իրավաբանական, հաշվապահական գործունեությանը, այնպես էլ կառավարման հարցերով խորհրդատվությանը, շենքերին և քաղաքացիական շինարարություններին, մասնագիտացված շինարարական գործունեությանը, անշարժ գույքի հետ գործառույթներին՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, տեխնիկական փորձարկումներին և վերլուծություններին, շուկայական իրավիճակի հետազոտությանը, մասնագիտական, գիտական և այլ գործունեոթյուններին, առողջապահությանը։
Հայաստանի կառավարության նպատակն է բոլոր ոլորտները բերել մեկ ընդհանուր՝ ԱԱՀ համակարգ։ Այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է։
Հունվարի 13-ին բողոքի ակցիան էին կազմակերպել նաև ոսկու շուկայի առևտրականները։ Նրանք ևս բողոքում էին, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։
Փաստաթղթաշրջանառություն ցույց տալու դեպքում հարկը 1,5 տոկոսից նվազում է 1 տոկոսի, սակայն, առևտրականները նշում են, որ ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ անհնար են համարում փաստաթղթաշրջանառությամբ աշխատելը: