ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանեց արտոնություն

Կառավարությունը հունվարի 23-ի նիստի ժամանակ դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանեց արտոնություն, որը կգործի 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Նախագծի նպատակն է արտահանման սկզբնական փուլում նպաստել տեղական ապրանքների դիրքավորմանը միջազգային շուկաներում և բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը։

Իր ելությում Գևորգ Պապոյանը նշել է, որ այս աջակցությամբ ակնկալում են ամեն տարի դեպի ԵՄ արտահանումը ավելացնել 15-20 տոկոսով։

Օժանդակության տրամադրման գումարի հաշվարկման համար նախատեսվել է հիմք ընդունել արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը։ Ընդ որում օժանդակությունը տրամադրվելու է ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկրում տվյալ ապրանքի ներմուծման համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն կենտրոնանում է ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի վրա՝ հաշվի առնելով այդ շուկաներում գործող բարձր որակական ստանդարտները։ ԵՄ 27 երկրներն ունեն մոտ 450 միլիոն բնակչություն, ինչը հայաստանյան ընկերությունների համար մեծ շուկա է։