
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման նպատակով բանակցություններ է վարում նաև Կորեայի և Չինաստանի հետ
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման նպատակով բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այլ նաև Կորեայի և Չինաստանի հետ: Սրա մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են տարբեր առաջարկներ՝ հաշվի առնելով դրա տնտեսական ֆինանսական բաղադրիչներն ու այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր կլինի այն գործարկել։ Նախարարը հավելել է, որ քննարկվում են ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։
Խուդաթյանը նշեց, որ Կառավարությունը նոր ատոմակայանի կառուցման նպատակով գերատեսչություն կստեղծի։ Այն կզբաղվի հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ ու տեխնիկական բնութագրերը կազմելով։
2024 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունը որոշում էր ընդունել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին։ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել էր, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։
Մոդուլային ատոմակայանների գաղափարը նախապես բարձրաձայնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մեկ տարի առաջ կառավարության նիստերից մեկի ընթացքում։