Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի
Կառավարությունը կասեցրել է մայիսի 1-ից նախատեսված ջրամատակարարման նոր ժամանակացույցի կիրառումը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցը գնահատվել է խնդրահարույց, ինչից հետո հրավիրվել է խորհրդակցություն շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Քննարկման արդյունքում որոշվել է բեկանել այդ որոշումը։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը կիրականացնեն լրացուցիչ ուսումնասիրություններ։ Դրանց արդյունքներով կհրապարակվի 2024 և 2025 թվականների համար բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Նախարարը նշել է, որ վերջին տարիներին Երևանում և մարզերում իրականացվել են եռապատկված ծավալով կապիտալ աշխատանքներ, ինչպես նաև շարունակվում են գործող ենթակառուցվածքների արդիականացման և նոր ջրաղբյուրների հաշվին մատակարարվող ջրի ծավալների ավելացման աշխատանքները։
Ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի օրական 17 ժամ։

